Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Խնդիրը ոչ թե իշխանություններին սուր քննադատելը, «կծելն» ու «կպնելն» է, այլ այլընտրանք առաջարկելը»

«Խնդիրը ոչ թե իշխանություններին սուր քննադատելը, «կծելն» ու «կպնելն» է, այլ այլընտրանք առաջարկելը»
14.06.2016 | 00:19

Քաղաքական շրջանակներում արդեն ակտիվ քննարկվում է, թե այս կամ այն քաղաքական գործիչն ինչպե՞ս է պատրաստվում ընտրություններին, ո՞ր կուսակցությանն է անդամակցելու: Լավատեղյակ մեր աղբյուրը փոխանցեց, որ վերջերս բավականին ջերմացել են Նիկոլ Փաշինյան-Թևան Պողոսյան հարաբերությունները: Խոսակցություններ կան, որ վերջինս ցանկություն ունի համալրելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերը և, ըստ այդմ, նաև ընդգրկվելու նրանց նախընտրական ցուցակում: Այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցի դեռևս «Ժառանգություն» խմբակցության քարտուղար ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ:

-Ձեր քաղաքական ապագան էլի «Ժառանգության» հե՞տ եք տեսնում:
-Այսօրվա դրությամբ չեմ ցանկանում այդ առումով որևէ հարցի անդրադառնալ: Առայժմ իմ պարտականություններն եմ կատարում, երբ կավարտեմ, ու ժամանակն էլ կգա, կմտածեմ այդ ուղղությամբ: Քանի որ ես գնալու տեղ ունեմ, պատգամավոր դառնալու հարցով չեմ մտահոգվում:
-Ո՞Ւր եք գնալու:
-Պատգամավոր եմ դարձել հանրային սեկտորից, մեծ հաճույքով նորից կվերադառնամ նախկին գործունեությանս: Ժամանակին երկու կազմակերպությունների հիմնադիր եմ եղել, որևէ տեղ էլ որ գնամ, փորձագետից էլ սկսեմ, կաշխատեմ: Խնդիր չեմ տեսնում, եթե ԱԺ-ում էլ չլինեմ:
-Իհարկե, ուղղակի չեք ասում, բայց երևում է «Ժառանգությունից» հույսը վաղո՜ւց կտրել եք:
-Նախ, երբ ժամանակը գա, պետք է երկու հարցի պատասխան տամ` որտե՞ղ եմ ինքս ինձ տեսնում, և արդյոք իմ տեսլականին համապատասխան կա՞ որևէ քաղաքական ուժ, միավորում, որի հետ կցանկանամ ճանապարհ գնալ: Այս ամենից հետո կառաջանա նաև երրորդ հարցը` արդյոք այդ ուժը համաձայն կլինի՞ ինձ հետ ճանապարհ գնալու: Բայց առնվազն մինչ այս տարվա ավարտ իմ ծառայություններն իրականացնելու եմ և այս հարցերով չեմ մտահոգվելու:
-Չնայած Դուք չեք մտահոգվում, բայց Ձեզանով մտահոգվում են ու պլանավորում Ձեր ապագան: Այսպես. խոսակցություններ կան, որ Դուք ընտրություններին մասնակցելու եք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով:
-Մի քանի ամիս առաջ ասում էին, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն եմ անդամակցում, դրանից հետո այլ խոսակցություններ եղան: Քաղաքական գործունեության այս տարիների ընթացքում սովորել եմ մի բան. չորս կողմդ ավելի լավ գիտի, թե դու ինչ ես ցանկանում: Սրան պետք է հանգիստ վերաբերվել: Ոչ թե քեզնից հարցնում են, թե դու ինչ ես ուզում, այլ նախօրոք որոշումներ են կայացնում, թե դու որտեղ ես և ում հետ: Վաղը մյուս օրն էլ կարող է ուրիշ բան ասեն: Մարդիկ էլ կան, ովքեր համարում են, որ ես իշխանություններին եմ «ծառայում»: Այս բոլոր խոսակցություններին ես հանգիստ եմ վերաբերվում: Հետևեք իմ աշխատանքներին և ինքներդ Ձեր եզրակացությունը կայացրեք:
-Խորհրդարանական գործունեության տարիներին Դուք Ձեզ լա՞վ եք զգացել ընդդիմադիր դաշտում, թե՞ իշխանություն լինելու պարագայում ավելի շահեկան վիճակում կլինեիք:
-Իմ ունակությունների սահմաններում ես գործել եմ ընդդիմության դաշտում: Այլ բան, եթե ես լինեի իշխանության մեջ, արդյոք կկարողանայի՞ շատ հարցեր լուծել: Կարծում եմ՝ ոչ, քանի որ տեսնում եմ շատերին, ովքեր ընդդիմանում են այս կամ այն հարցում, բայց չեն կարողանում հարցեր լուծել: Մարդն ընդդիմություն է ոչ թե նրա համար, որ սիրում է պիտակավորել, կոպիտ բառեր օգտագործել, այլ որ տարբեր հարցերի շուրջ ունի այլընտրանք: Ասել է` խնդիրը ոչ թե իշխանություններին սուր քննադատելը, «կծելն» ու «կպնելն» է, այլ այլընտրանք առաջարկելը: Սա է ընդդիմության իմաստը:
-Եվ վերջում. որտե՞ղ եք անցկացնելու Ձեր արձակուրդը:
-Ինչպես միշտ` Արցախում:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1655

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ